«Եթե մեղավոր եմ, կգնամ հուր-հավիտյան նստելու»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ նշեց, որ ինքը «մեծ առաքելությամբ» է եկել ասուլիսի, որպեսզի բոլորին հայտնի ճշմարտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը կայացրել է մի վճիռ, որի համաձայն` բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի` վճարել 37,5 մլն ԱՄՆ դոլար: «Ասեմ, որ այս գործընթացը երկու օր առաջ չի սկսվել: Այս գործընթացը գնում է, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, 2008 թվականից, կարող եմ ասել` ավելի շուտ: Ինձ համար, այսպես ասած, հետաքրքիր իրադրություններ են պարզվում, և այսօր ես ունեմ մեծ առաքելություն, և պետք է խնդրեմ մեր գործընկերներին, այն «անձանց», ովքեր ունեն 2008թ. նյույորքյան հարավային վարչական շրջանի դատարանի որոշումը, որտեղ պետք է բռնագանձվի իմ անասունները, գույքը, լավ կլինի նաև, որ ունենան նաև այդ դատական վճիռը»,- հավաստիացնում էր Վ. Այվազյանը:
Նրա խոսքով` 6 տարի է` իրեն փորձում են դարձնել արբիտրաժային կողմ, սակայն միջազգային արբիտրաժը մերժում է այդ «անհեթեթ գործը»: «Ինչո՞ւ է գործը գնում արբիտրաժային` Նյու Յորքի հարավային շրջան, որովհետև ՀՀ նախկին կազմակերպության երեք անդամներին նույն ձևի քցել են մեր շատ հարգարժան ընկերները, որտեղ Վարդան Այվազյանը հանդես էր եկել` նաև պահանջելով, որ խնդրում եմ` գործեք տվյալ իրավական դաշտում` որպես նորմալ բիզնեսմեն գործընկերներ»,- նշեց Վ. Այվազյանը:
Ի դեպ, նշենք, որ, համաձայն «Հետքի» հրապարակման` «2008 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱՊ-ի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն` Այվազյանը պետք է համարվի որպես կողմ` Նյու Յորքի հարավային շրջանի Դաշնային դատարանի` 2008 թ. հունիսի 25-ին կայացրած որոշման համաձայն: Այնուհետև` 2011 թ. դեկտեմբերին, ՄԱՊ-ի Տրիբունալը որոշել է գործընթացը շարունակել միայն հայտնի երեք բաժնետերերի մասով: 2012 թ.մարտին ԳԳՄ-ն դիմել է Դաշնային դատարան` պահանջելով որոշում կայացնել Այվազյանի նկատմամբ նույն Դատարանի կողմից նախկինում կայացրած որոշման հիման վրա և/կամ համապատասխանեցնել ՄԱՊ-ի Տրիբունալի նախադեպերին»:
«Չգիտեմ, մեղք չեմ ուզում գործել` սովոր չեմ ուրիշների պես, կներես, դիակալեզություն անել` կարող եք կապել տրամաբանական: Եկեք` օգնեք, չե՞ք ուզում ինձ օգնել: Եկեք-գնանք դատարան, դուք էլ ամբողջով կանգնեք-ասեք` այ պարոն Այվազյան ջան, էս ի՞նչ ես արել»,- ասաց Վ. Այվազյանը: Իսկ հարցին, թե` գնալո՞ւ եք դատարան, վերջինս այսպես պատասխանեց. «Ո՞ւրգ բա որ վիզա չտվեց ինձ ԱՄՆ-ը, կամ էն մնացած գնացողներինգ Ո՞ւմ ձերբակալեն` ի՞նձգ Եթե մեղք եմ գործել, թող ձերբակալեն»: Ինչ վերաբերում է իր «բարի համբավը արատավորելուն», Վ. Այվազյանը նշեց, թե ինքը դեռ պետք է ծանոթանա վճռին, ինչի մասին, ըստ նրա, ինքը ծանուցված չի եղել: «Իմ ցավը մեկնաբանությունների հետ ա կապված: Բացարձակապես ես ընդեղ խնդիր չեմ տեսնում, ազնվությամբ ասեմ: Ոմանց մեկնաբանությունների հետ ա կապված,- նշեց Վ. Այվազյանը` շարունակելով,- Կա մարմնավաճառ, կա հոգեվաճառ, շատ ավելի ողջունելի ա մարմնավաճառը, քան հոգեվաճառը: Ես դրա համար եմ ասում` բարոյականություն է քարոզում մեկը, որ բարոյականությունից այնքան հեռու է: Շատ կներեք էլի` ամոթ են տալիս»:
Իսկ հարցին, թե այս ընթացքում փորձ արվե՞լ է կալանք դնել իր գույքի վրա, վերջինս պատասխանեց. «Ոչ մի անգամ: Ի լրումն դրան` ասեմ նաև, որ 2009թ. ես եղել եմ Նյու Յորքում էլ, շատ կներեք, նաև ԱՄՆ-ում: Դրանից հետո բախտ չի վիճակվել գնալ, ունեցել եմ վիզա, բայց չեմ գնացել»: Իսկ հարցին, թե մեղավոր լինելու դեպքում պատրաստ կլինի՞ վճարել այդ գումարը, Վ. Այվազյանը պատասխանեց. «Եթե մեղավոր եմ` ամբողջությամբ, կգնամ հուր-հավիտյան նստելու»:
«Վերջիվերջո, Վարդան Այվազյանը ԱԺ պատգամավոր է, հարց եմ տալիս` այստեղի որևէ դատարան այնտեղի որևէ կոնգրեսմենի կամ սենատորի այնտեղ աշխատելու համար հայց կներկայացնե՞ր: Նույն հաջողությամբ, չկա որևէ մեկ երկիր, առայժմ ես չգիտեմ, որ նմանատիպ վարչական վարույթն իր երկրում կիրառման ենթարկի, որովհետև կարող ա վաղը ցանկացած պաշտոնյայի նմանատիպ հայց ներկայացներ, ու սկսեն վարդագույն հեղափոխությունները: Սա բիզնես ա, սա լավագույն բիզնեսներից մեկն ա: 6 տարի ա` փորձել են, որ ես դառնամ արբիտրի կողմեր, մեկ փաստաթուղթ ստորագրող` չեմ ստորագրել: Արբիտրը սա շատ հանգիստ, միջազգային արբիտրը, որ իրավունք ուներ, մերժել ա այս գործը, հենց տեսել ա` մերժել ա` միանգամից վերցրել են կատարողական թերթիկն ու ուղիղ ուղարկել են լրատվության»:
Մեր այն հարցին, թե քաղաքական որևէ ենթատեքստ տեսնո՞ւմ է այս իրադարձություններում, Վ. Այվազյանը պատասխանեց. «Ախր, դա ձեր մեկնաբանությունը պետք ա լինի»: Իսկ մեր դիտարկմանը, թե նրա հայտարարությունների մեջ անորոշություն է նկատվում, և հստակ անուններ չի՞ նշի, Վ. Այվազյանը պատասխանեց.
«Անորոշ չասացի: Հստակ ի՞նչ անուն նշեմ»: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե այս հարցը քննարկվե՞լ է ՀՀԿ-ում, Վ. Այվազյանը նախ` հարցրեց, թե` ինչո՞ւ, դա ի՞նչ գլոբալ հարց է, ապա ասաց. «Էն հիմնականը դատական վարույթի մեջ ա, որ պիտի գնար արբիտրաժի, ասում եմ` մերժվել ա: Արբիտրաժն ասել ա` սա անհեթեթություն ա, մերժել ա: Հիմա ինչ-որ մի շրջանի առաջին ատյանի դատարան իմ վրա գրել ա, իրանց ասելով, ես խաբարություն չունեմ, հիմա ձեզ եմ խնդրում, ասում եմ` թուղթը բեր` տեսնեմ»: