«Կովկաս 2012» զորավարժությունները վտանգում են տարածաշրջանի խաղաղությունը. Վաշաձե
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Թբիլիսիում` Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Չեխիայի և Ռումինիայի արտգործնախարարների հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է այսօր Ռուսաստանի հարավում մեկնարկող «Կովկաս 2012» զորավարժություններին. հաղորդում է վրացական apsny.ge լրատվական գործակալությունը:
«Դժբախտաբար, Ռուսաստանի «Կովկաս 2012» զորավարժությունները սպառնալիք են ստեղծում ոչ միայն Վրաստանի, այլև ընդհանրապես ողջ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար: Մենք բոլորս պետք է լավ հիշենք, թե ինչպիսի հետևանքներ ունեցան 2008 թվականին Կովկասում Ռուսաստանի անցկացրած զորավարժությունները, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի փոքր էին: Վրացական դիվանագիտությունը հասավ նրան, որ միջազգային հանրությունը գնալով այդ զորավարժությունների վերաբերյալ ավելի շատ սուր հարցեր է հղում Ռուսաստանին», ասել է Վաշաձեն:
Հիշեցնենք, որ «Կովկաս 2012» զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 17-23-ը: