Թևան Պողոսյանը մանդատից հրաժարվելու խնդիր չի տեսնում

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը, ում անունը շրջանառվում է իբրև ապագա պատգամավոր «Ժառանգության» ցուցակով, վաղը նոր միայն կվերադառնա Երևան։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:

Նախորդ շաբաթ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր մանդատից հրաժարվելու մասին, իսկ համամասնական ցուցակում հաջորդը Թևան Պողոսյանն է, ով այս օրերին Երևանում չէ։ Մինչ Թևան Պողոսյանը պաշտոնապես կհայտարարի` վերցնո՞ւմ է մանդատը, թե՞ ոչ, պատգամավորի թեկնածուների այլ անուններ էլ սկսեցին շրջանառվել։

«Ա1+»-ին հաջողվել է կապ հաստատել Թ. Պողոսյանի հետ, ով տեղեկացրել է, որ նախորդ շաբաթը կարևոր էր իր համար. «Մասնակցեցի մի քանի միջազգային համաժողովների, իսկ անձնական կյանքում նոր զարգացման հնարավորություն ստեղծվեց: Հիմա եկավ առաջ շարժվելու ժամանակը»:

««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը հրաժարվեց իր մանդատից և ստեղծվեց մի իրավիճակ, որ 15 օր հետո պետք է որոշել և հերթական մի կարևոր քայլն անել: Բնական է, որ մանդատից հրաժարվելու խնդիր չկա, և ես շատ շնորհակալ եմ այն վստահության համար, որ Րաֆֆի Հովհանիսյանն ու ամբողջ «Ժառանգությունն» իմ հանդեպ դրսևորեց դեռ ապրիլին՝ հրավիրելով միանալու իրենց նախընտրական ցուցակին: Շատ բան է փոխվել այն ժամանակից, բայց 2 բան անփոփոխ է մնացել ինձ համար:

Առաջինը, մնալու եմ հաստատուն իմ այն նպատակի մեջ, որ լինեմ քաղաքացիական հասարակության ձայնն առաջինը բարձրացնողը ԱԺ-ում՝ բարձրացնելով ինձ համար այնքան հարազատ այս դաշտում մշակվող խնդիրները, ներկայացնելով այլնտրանքներ և պաշպանելով այս հատվածի շահերը որոշումների կայացման
գործընթացում:

Երկրորդը, միասնական թիմային աշխատանքն է «Ժառանգության» հետ՝ կիսելով բոլոր դժվարություները դրված նպատակներին հասնելու ճանապարհին թե սպասվող նախագահական ընտրություներում, թե շատ շուտով թիվ 1 ընտրատարածքում արտահերթ ընտրություներում, թե առաջիկա 5 տարիներին նախնտրական ծրագրերին իրականացման հարցում:

Իսկ առաջիկա 2 շաբաթների ընթացքում կզբաղվեմ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում նախկին ու ներկա պարտավորությունների ամփոփմամբ, կարգավիճակի փոփոխության և օրենքի տառին համապատասխան՝ ապագա ներգրավման ձևի մշակման հարցերով»,- «Ա1+»-ին ասել է Թևան Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս