Հնավայրերում անարգել աղբ են թափում նույնիսկ «Հայաստանն առանց աղբի» միջոցառման ընթացքում
Սեպտեմբերի 15-ին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով համահայաստանյան մաքրման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ: Շարժման մասնակիցները կարծում են, որ այն պետք է ստանա իր արժանի արձագանքը թե՛ հանրության, թե՛ պետական մարմինների կողմից:
Մասնավորապես՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությանը միանալով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքում իրականացրեցին մաքրման աշխատանքներ:
Երբ մասնակիցներն արդեն ավարտել են մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա և մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողներ չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը:
Այսպիսով «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ քայլեր ձեռնարկել այս միջադեպի մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև կանխել Երևանի տարածքում գտնվող այս բացառիկ պատմամշակութային վայրը աղբավայրի վերածելու գործընթացը:
Դիմում են նաև «Էլնոր» ընկերությանը՝ այս միջադեպի վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ տալու պահանջով: