
«ՀԱՊԿ զորավարժությունները կապված չեն Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի հետ»

Այսօր մեկնարկած ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» պլանային զորավարժությունները կապված չեն Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի հետ: Այս մասին, ըստ REGNUM գործակալության, ասել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնուտդինովը:
Նա նշել է, որ Հայաստանում ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ անցկացնելու մասին որոշումը կայացվել է դեռ 2011թ. դեկտեմբերին կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների ու ԱԽ քարտուղարների խորհրդի նիստի ժամանակ:
ՀԱՊԿ միացյալ շտաբի վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը նույնպես ընդգծել է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները որևէ կապ չունեն տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ:
Նա նաև նշել է, որ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններն ուղղված են «ՀԱՊԿ հատուկ նշանակության ռազմական ուժերի կատարելագործման բարձրացմանը ու ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի խմբավորումների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ այսօր «Մարշալ Բաղրամյան» հրաձգարանում տրվել է ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների մեկնարկը: Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 19-ը:
Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի հատուկ նշանակության խմբերը և ռազմական կոնտինգենտը, ինչպես նաև միջազգային «Կարմիր խաչի» կոմիտեի զինվորականներ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի դիտորդներ:
Զորավարժություններին մասնակցում է շուրջ 2000 մարդ: