
Աշխատանքային լարվածությունը մեծացնում է սրտի կաթվածի հնարավորությունը

Աշխատանքային լարվածությունը 23%-ով մեծացնում է սրտի կաթված ստանալու և սրտի իշեմիկ հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը: Ամերիկացի գիտնականները եկել են այս եզրակացությանը՝ ուսումնասիրելով եվրոպական շուրջ 13 հետազոտություն, որոնք ընդգրկել են 200.000 մարդու: Ընդ որում, բժիշկները նշում են, որ աշխատանքային լարվածությունն ավելի մեծ է արտադրամասերում աշխատողների մոտ, ովքեր որոշումներ չեն կայացնում, ենթարկվում են ղեկավարների հրահանգներին. որոշումներ ընդունող աշխատողները համեմատաբար ավելի հանգիստ են լինում աշխատանքի ընթացքում:
Գիտնականները նշում են, որ աշխատանքային լարվածությունն առաջ է բերում նաև կենսակերպի փոփոխություններ, որոնք ևս վատ ազդեցություն են թողնում սրտի վրա: «Մենք գիտենք, որ լարված աշխատանքի պատճառով ծխող մարդիկ սկսում են ավելի շատ ծխել, ակտիվ մարդիկ դառնում են պասիվ, ինչն էլ գիրանալու համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Այս ամենը ևս վատ ազդեցություն է թողնում սրտի վրա»,- ասել է հետազոտության ղեկավարներից մեկը: