
Մահմեդականներին կոչ են անում ահագնացնել ամերիկյան դիվանագետների դեմ բողոքի ցույցերն ու բռնի գործողությունները

Եմենում «Ալ-Քաիդա»-ի զինյալները մահմեդականներին կոչ են արել ահագնացնել ամերիկյան դիվանագետների դեմ բողոքի ցույցերն ու բռնի գործողությունները մահմեդականներով բնակեցված երկրներում` ԱՄՆ-ում նկարահանված հակամահմեդական «Մահմեդականների անմեղություն» սիրողական կինոնկարը ինտերնետում տեղադրելու կապակցությամբ:
Կոչի հեղինակները այդ 14 րոպե տեւողությամբ կինոնկարը որակել են «իսլամի դեմ խաչակրաց արշավանքների հերթական փուլ»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անկարգություններով ու ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներով ուղեկցվող բողոքի ցույցերը վերջին օրերին շարունակվում են մի շարք երկրներում` Եմենում, Եգիպտոսում, Թունիսում, Սուդանում, Իրաքում, Բանգլադեշում, Ավստրալիայում:
Սուդանում հարձակումների են ենթարկվել նաեւ Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները:
Լիբիայի Բենգազի քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսության վրա հարձակման ժամանակ սպանվել էին այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանն ու եւս երեք ԱՄՆ քաղաքացիներ: