Ուրիխանյանի ասածը ԲՀԿ-ում «ասնավանի» է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վարչապետի պաշտոնանկության հարց չի բարձրացրել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ News.am-ի` ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:

Նրա խոսքով` վարչապետի վերաբերյալ եղել է կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունը, որում ամեն ինչ ասված է: «Առաջիկա գործընթացներում դուք ինքներդ կտեսնենք իրադարձությունների զարգացումը: Բայց կարող եմ հիշեցնել, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել կառավարության ծրագրին` ելնելով մեր 500 հազար ընտրողների կարծիքից եւ ելնելով այն քաղաքական եւ տնտեսական իրավիճակից, որը առկա է մեր երկրում»,- ավելացրել է Վահան Բաբայանը:

Հարցին, թե արդյոք նա վարչապետի փոփոխության հարց չի՞ տեսել ԲՀԿ մամուլի խոսնակի հայտարարության մեջ, նա պատասխանել է. «Վարչապետի փոփոխության կամ ոչ փոփոխության հարցը ասված է ԲՀԿ մամուլի խոսնակի հայտարարության մեջ: Դրան այլ հայտարարություն կամ քաղաքական այլ քայլ չի հետևել, իսկ եթե դուք ուզում եք իմանալ հաջորդական քայլերը, դա ցույց կտա ժամանակը: Մեր գործընկերները բոլորը ասել են, որ այդ տեսակետը և կարծիքը արտահայտվել է կուսակցության մամուլի խոսնակի հայտարարության մեջ»:

Դիտարկմանը, թե ուզում եք ասել, որ մամուլի խոսնակի հայտարարությունը կուսակցության պաշտոնական հայտարարությունը չէ՞, նա  պատասխանել է. «Կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունը չի կարող չլինել  կուսակցության կարծիք»:

Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե իրենք կողմ են վարչապետի փոփոխությանը, ինչին պատասխանել էին մի շարք ՀՀԿ-ականներ:

Տեսանյութեր

Լրահոս