Լուսինե Սահակյան. «Կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում»

«Կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում: Մինչդեռ Հայաստանում դատարաններն առանց քրեական գործով ձեռք բերված որևէ հիմքի անձանց նկատմամբ կալանքն ընտրում են որպես խափանման միջոց»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը սահմանում է, որ խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը ազատության մեջ մնալու պարագայում կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը կամ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:

«Երբ քրեական գործով ձեռք բերված որևէ նյութ չկա, որը կարող է բավարար հիմք տալ ենթադրելու, որ անձը մնալով ազատության մեջ կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված որևէ արարք ապա վարույթ իրականացնող մարմինն ընդհանրապես չի կարող կիրառել որևէ խափանման միջոց, առավել ևս անձի նկատմամբ չի կարող ընտրվել կալանքը որպես խափանման միջոց»,- ասել է փաստաբանը:

Ըստ նրա՝ կալանքը պետք է կիրառվի այն դեպքերում, երբ առկա են 135-րդ հոդվածի պայմանները, և երբ վարույթ իրականացնող մարմինը հիմնավորում է, որ խափանման այլ միջոցի կիրառումը չի կարող արդյունավետ լինել: Դրա հետ մեկտեղ պետք է առկա լինի հիմնավոր կասկածը:

«Քրեական դատավարության օրենսդրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով, ինչպես նաև Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներով հստակ սահմանված է՝ երբ դատարանն ընտրում է կալանքը, պետք է հիմնավորի, թե ինչու է բացառիկ խափանման միջոցը՝ կալանքն ընտրում, ինչու խափանման մյուս միջոցները չեն կարող արդյունավետ լինել»,- նշել է Լ. Սահակյանը, ավելացնելով, որ պատճառն օրենսդրական դաշտը չէ, այլ մեղադրական ուղղվածությունը:

«Դատարաններն ամբողջությամբ կախված են դատախազությունից, եթե վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան, ապա դատարանները հիմնականում բավարարում են դրանք: ՀՀ-ում դատարանները պետք է անկախ լինեն և վերջապես ղեկավարվեն օրենքով: Դատարանները պետք է լինեն դատարաններ»,- ասել է փաստաբանը:

Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու համատարած որոշումների դեմ փաստաբանները բազմիցս են բողոքում, սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական: Հիշեցնենք, որ այդ մասին ահազանգել էր նաև ՄԻՊ-ը: Այս տարի հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում նշվում է. «Մտահոգիչ է այն, որ դատախազությունն ընդհանուր առմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս նախապատվությունը տալիս է կալանքի միջնորդություն դատարան ներկայացնելուն, մինչդեռ կալանքը պետք է դիտվի որպես բացառիկ խափանման միջոց և կիրառվի այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մյուս խափանման միջոցներով հնարավոր չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում»:

Ի դեպ, «Փաստինֆո» գործակալությունն արդեն տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության՝ կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի առաջարկության մասին, այն է՝ հափշտակության որոշ հանցատեսակների գործերով վերանայել մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկան:

Տեսանյութեր

Լրահոս