Բաժիններ՝

Անդրանիկ Ոսկանյան. Մեզ ընդամենը մեկ միավոր չբավականացրեց

Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Միկայի» 22-ամյա պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը SportArmenia-ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի 2013թ. առաջնության որակավորման փուլում մեր ընտրանու ելույթները, որը խմբում գրավեց երկրորդ հորիզոնականը և մինչև վերջին րոպեն պայքարում էր փլեյ-օֆֆի ուղեգրի համար:

-Ինչպե՞ս կմեկնաբանես Մոնտենեգրոյի հետ հանդիպումը:

-Եզրափակիչ խաղ էր մեզ համար: Դաշտ էինք դուրս եկել միայն հաղթելու համար: Խաղը բավականին հաջող դասավորվեց, հենց սկզբից հաջողության հասնելու շատ լավ հնարավորություն ունեցանք: Կարծում եմ` ողջ մրցավեճի ընթացքում չէր բավականացնում գրոհների վերջնական փուլը, մի քիչ էլ խանգարեց ավելորդ շտապողականությունը:

-Արագ գոլը թերևս ամեն ինչ կփոխեր…  Մրցակցի մասին ի՞նչ կասես:

-Ճիշտ է, արագ գոլը միանշանակ այլ ընթացք կտար խաղին: Մրցակցի կազմը լիովին փոխվել էր, միայն մեկ խաղացող էր մնացել Երևանում տեղի ունեցած մրցավեճից: Բավականին ագրեսիվ թիմ էր, որը, իրենց համար թեև ոչինչ չորոշող խաղին, դուրս էր եկել հաղթանակի համար: Կարծում եմ` այստեղ կար նաև մեզնից վրեժխնդիր լինելու հանգամանքը, քանի որ այստեղ պարտվել էին խոշոր հաշվով:

-Ամփոփենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երիտասարդականի ելույթները, ի՞նչ հետևություններ եք արել:

-Կարծում եմ` հաջող հանդես եկանք: Ամեն ինչ կախված էր մեզանից: Մեզ ընդամենը մեկ միավոր չբավականացրեց ու դա հաջող ելույթի ապացույց է: Հավաքականն այլևս այս կազմով չի շարունակի հանդես գալ, քանի որ շատ ֆուտբոլիստներ տարիքի պատճառով արդեն չեն կարողանա օգնել երիտասարդականին: Իսկ ով կարող է շարունակել ելույթները, մարզչական շտաբով կվերլուծեն և կպատրաստվեն նոր մրցաշրջանին: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, մեզ հավատալու ու նվիրվելու համար, իսկ հավաքականին ցանկանում եմ միայն հաղթանակներ:

-Այսօր վերսկսում են ՀՀ առաջնության հանդիպումները… Տուրի կենտրոնական խաղում հյուրընկալելու եք  «Շիրակին», ի՞նչ կանխատեսումներ կանես:

– Շատ կարևոր հանդիպում է սպասվում ու ձգտելու ենք հաղթանակի: Կանխատեսումներ ընդհանրապես չեմ անում, իմ գործը ֆուտբոլ խաղալն է: Կասեմ, որ մրցակիցը հզոր թիմ է, ինչի մասին վկայում են նրանց հաջող ելույթները և մրցաշարային աղյուսակում բարձր հորիզոնականը:

Զրուցեց Անուշ Անանյանը

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս