Ադրբեջանը «քաղաքականացված» է որակում Եվրախորհրդարանի բանաձևը
Պաշտոնական Բաքուն այսօր «քաղաքականացված» է որակել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հարցով Եվրախորհրդարանի` նախօրեին ընդունած բանաձևը, որում դատապարտվում է Ադրբեջանի նախագահի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ադրբեջանի կողմից այդ հարցում ձեռնարկված քայլերը համապատասխանում են բոլոր միջազգային կոնվենցիաներին։ Ադրբեջանի համար Ռամիլ Սաֆարովի հարցը փակված է»,- «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը։
Նա Եվրախորհրդարանի պատգամավորներին կոչ է արել «նայել հարցի արմատին», որում, ըստ Աբդուլաևի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այդ հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքից Հայաստանի զորքերի դուրսբերումն է։ Իսկ Հայաստանը, օգտագործելով ամեն հնարավորը, ձգտում է պահպանել ստատուս քվոն»,- ասել է ադրբեջանական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։