Գայանե Կարախանյանը ինքնաբացարկ չհայտնեց
Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի եռահարկ շենքի օտարման և սեփականատերերի վտարման խնդրով հերթական հայցադիմումի գործով նախագահող դատավոր Գայանե Կարախանյանի դեմ ինքնաբացարկի միջնորդությունն այսօր մերժվել է:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «Միլանո»-ի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ բացի ինքնաբացարկի միջնորդության բովանդակությունից, միայն մեկ նախադասությամբ նշված է, որ միջնորդության մեջ չկան այնպիսի հանգամանքներ, որոնք դատավորի կողմնակալության կասկած են հարուցում:
Մերժումն, ըստ հայցվորի ներկայացուցչի, պատճառաբանված չէ: Ինքնաբացարկը պետք է ընդունվեր, քանի որ 10 րոպեում եռահարկ շինությունը առանց սեփականատիրոջ մասնակցության պետության պատվերով խլվել է ու բավականին էժան գնով փոխանցվել կառուցապատողին:
Բացի այդ, հակառակ կողմի խնդրանքի՝ ապահովել, որպեսզի շենքը չքանդվի, նույն դատավորի նախագահությամբ կայացված որոշումից մեկ ժամ անց շենքն ամբողջությամբ քանդվեց:
Փաստաբանը վստահ է, որ հայցի քննության ընթացքում էլի կլինեն օրենքի կոպիտ խախտումներ, որոնք հիմք կդառնան դատարանի դեմ հետագա ինքնաբացարկի միջնորդությունների համար՝ «մինչև կարողանանք հասնել նրան, որ դատավոր Կարախանյանը չքննի մեր գործը, հակառակ դեպքում արդարադատություն չի կարող իրականանալ այդ պայմաններում»:
Հիշեցնենք, որ «Միլանո»-ի սեփականատեր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը պահանջում է պատասխանողներից՝ Հայաստանի Հանրապետությունից և «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունից հանուն պետական կարիքների օտարված գույքի դիմաց ողջ փոխհատուցումը՝ ցայժմ, ըստ կողմի, փոխհատուցվել է 5-8 մլն դոլար արժողությամբ գույքի 1/10-րդ մասից էլ ավելի քիչ: Խնդրի առնչությամբ դատական գործընթացներն ընթանում են 5 տարուց ավելի, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված բազմաթիվ գանգատները միացվել են մեկ վարույթում: