
Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում համակարգչային լսարան է բացվել

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) համակարգչային լսարան է բացել: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զորամասերը համակարգչային լսարաններով զինելու ծրագիրը հիմնադրամն իրականացնում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը սերտորեն համագործակցում են երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ։ Նախարարը կարևորել է հիմնադրամի նախաձեռնած ծրագիրը։ «Նման լսարանները հնարավորություն են տալիս կատարելագործել զինվորների գիտելիքները։ Օգտվելով համակարգիչներից՝ նշանակում է ներգործել առաջատար համակարգեր, ավելի շատ տեղեկություններ ունենալ եւ այդ ամենն օգտագործել զինված ուժերի համար»,- նշել է պաշտպանության նախարարը։