Երևանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել

Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատունը իր պաշտոնական կայքում երեկ հաղորդագրություն է տեղադրել, որով, «հաշվի առնելով Եգիպտոսում եւ Լիբիայում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների վրա տեղի ունեցած հարձակումները, Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացնում է ողջ աշխարհում ԱՄՆ-ի քաղաքացիների հանդեպ հնարավոր ահաբեկչական գործողությունների շարունակվող սպառնալիքի մասին»։

«ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել զգոնության բարձր մակարդակ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել անվտանգության իրազեկության աստիճանը բարձրացնելու համար», – նշում է Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը` շարունակելով. – «Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը որոշակի տեղեկատվություն չունի, որ հիշյալ իրադարձությունները կարող են ազդել Երեւանում անվտանգության վիճակի վրա: Այնուամենայնիվ, բոլոր ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է առաջիկայում հատուկ զգոնություն ցուցաբերեն իրենց անձնական անվտանգության առումով եւ տեղական իշխանություններին տեղեկացնեն բոլոր կասկածելի հանգամանքների մասին»:

Fox News-ի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հնարավոր բողոքի ակցիաների եւ ամերիկյան դիվանագիտական առաքելությունների անձնակազմին սպառնացող վտանգի մասին զգուշացրել է աշխարհի յոթ երկրներում` Բուրունդիում, Քուվեյթում, Սուդանում, Թունիսում, Զամբիայում, Եգիպտոսում եւ Հայաստանում գտնվող ամերիկյան դեսպանատներին:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, այդուհանդերձ, այսօր տարածած հաղորդագրությունում ընդգծել է, որ աշխատում է բնականոն հունով։

«Եգիպտոսում եւ Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն եւ հետեւեն իրավիճակի զարգացումներին», – փոխանցում է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը` վերստին նշելով, որ չունի որեւէ տեղեկություն, «որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930