Ճամփեզրի փլուզման հետևանքով` կայանված «Մերսեդեսը» սահել է ցած (լուսանկարներ)

Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ճամփեզրի փլուզման հետևանքով` կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան սահել է ցած: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 11-ին, ժամը 18:00-ին:

ԱԻՆ-ի փոխանցմամբ`, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Իսկ shamshyan.com-ի փոխանցմամբ` դեպքի վայրում են եղել մի քանի սափրագլուխներ, որոնք հավանաբար այդ շինարարության տերերն էին, «և ենթադրաբար, փլուզումը տեղի է ունեցել նրանց մեղքով»:

Փլուզման հետևանքով «Մերսեդես E 320» մակնիշի 55 ՍՏ 009 համարանիշի ավտոմեքենան մոտ 25 մ գլորվել է ցած, որտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում:

Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Ոստիկանությունն ու Ճանապարհային ոստիկանությունը մեկ ժամից ավելի ուշացել են, ինչն էլ նշված հատվածում կաթվածահար է արել երթևեկությունը:

Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս