Քաղաքացին զրկվում է ընտրելու իրավունքից

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններին, ասել է, թե դրանք ևս մեկ անգամ փաստեցին, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար:

Ըստ նրա` քաղաքակիրթ աշխարհում ՏԻՄ ընտրությունները համարվում են ժողովրդավարության խարիսխը, բայց սա միայն քաղաքակիրթ աշխարհում, մեզ մոտ տեղի ունեցածն անգամ ընտրություն չես անվանի:

«ՀՀ-ում վարչաֆինանսական ռեսուրսի շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվում է ընտրող լինելու հնարավորությունից»,- ըստ yerkir.am-ի` հայտարարել է Ռուստամյանը` վկայակոչելով Թալինի, Ախթալայի, Կապանի, Սիսիանի և Գյումրիի օրինակները:

Կապանում, ըստ պատգամավորի, գործող քաղաքապետի ինքնաբացարկը իշխանական շրջանակները փորձեցին ներկայացնել որպես անխուսափելի պարտության ապացույց, այնինչ, պաշտոնական տվյալներով, անգամ 6000 քաղաքացի հատուկ գնացել և դեմ էր քվեարկել ՀՀԿ-ական թեկնածուին:

ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշը, ըստ Ռուստամյանի, վկայում է ժողովրդի հիասթափության մասին, երբ ընտրությունից ընտրություն մարդիկ կորցնում են հավատը:

Տեսանյութեր

Լրահոս