«Սա մեր ամոթն է»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արումանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ անդրադառնալով ԱԺ կողմից այսօր ընդունված «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, ասել է, թե նման փոփոխության անհրաժեշտություն իրավամբ կա:
«Ասեմ, որ այս օրենսգիրքը ամենաշատ կարկատվածն է և մեր քաղաքացիների հարաբերությունները կարգավորվում է այս օրենսգրքով և անհրաժեշտություն կա հաճախ փոփոխելու: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքն ընդունվել է 1985թ. և մի քանի տասնյակ փոփոխություններ են արվել, բայց ինձ ուղղակի զարմացնում է այն փաստը, որ ընդամենը 10 օրից մենք տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը, այնինչ վերոնշյալ օրենսգիրքը բացարձակապես այլ երկրի մասին է: Ուղղակի մեջբերեմ այս օրենսգրքի առաջին գլխի առաջին հոդվածը, որով մենք այսօր առաջնորդվում ենք.
«Հոդված 1. Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրները
Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական եւ հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և խորհրդային օրենքները ճշտիվ և անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով» :
Սա զավեշտ է, և առաջին գլուխն ամբողջությամբ բաղկացած է նման հոդվածներից` վեց հոդված և մեզանից որևէ մեկի՝ թե՛ կառավարության, թե՛ պատգամավորներիս մտքով չի անցել, որ ամոթ է գոյություն չունեցող երկրի տերմինաբանությամբ օրենք գործածենք: Սա մեր ամոթն է՝ սա Հայաստանի անկախ Հանրապետությունն է, և կոչ եմ անում հաջորդ անգամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում որևէ փոփոխություն ԱԺ բերելիս այս առաջին գլուխն ամբողջությամբ վերաշարադրել»,- հայտարարել է Արզումանյանը: