Շուշան Պետրոսյանը կոչ է անում ջերմ վերաբերվել բանակին
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանն ԱԺ հայտարարությունների ժամանակ իր ելույթում անդրադարձավ բանակին՝ ասելով. «Բանակի առաջնային գծում ունեցած իմ հերթական մեկամսյա համերգաշարի ընթացքում, զինվորների հետ զրույցները հանգեցրեցին այս հայտարարության գաղփարին: Ասելիքիս անհրաժեշտությունը նախ զգացի, երբ նիստերից մեկի ժամանակ պատգամավորներից մեկը հայտարարեց, թե հայոց բանակը մարտունակության խնդիր ունի: Սա հենց այն դեպքերից է, երբ ասում է՝ ինչ-որ բան անկեղծ է ինձ համար: Հայոց բանակը, հայ զինվորը մարտունակ է, ու սա ընդհանրապես խնդիր չէ: Խնդիրն այլ է, ու այդ խնդրի լուծումը կարելի է գտնել ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում, քաղաքացուն` լավ, արժանապատվ հայ դաստիարակելու, կրթելու ծրագրերին կյանք տալով: Ասելիքս այն է, որ բոլորս` անխտիր բոլորս, պիտի ավելի սիրով, եթե ոմանց կողմից ոչ սիրով, ապա գոնե խնամքով վերաբերվենք մեր բանակին, զինվորներին, հրամանատարներին: Հավատացած եղեք, որ տղաներն այդ վերաբերմունքի կարիքն ավելի շատ են ունեն, ու հենց այդ ջերմ վերաբերմունքի բացակայությունն ունակ է թուլացնել նրանց ոգին»: