Մակեյանի պատասխանը` Ռուբեն Հայրապետյանին
Ֆրանսիական «Նուվել դ’Արմենի» ամսագրում հրապարակված Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցում ի պատասխան լրագրողի հարցին` ինչպե՞ս եք բացատրում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի «մտերմությունը», Ռ. Հայրապետյանը պատասխանել էր. «Դա մտերմություն չէ, նրանք միավորվել են, որ կործանեն երկիրը»:
168.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսպես մեկնաբանեց Ռուբեն Հայրապետյանի այս հայտարարությունը:
«Ճիշտն ասած` այն, որ Քոչարյանը երկիր կործանող է, դրանում ես կասկած չունեմ, այդ հարցում համամիտ եմ: Նա, ով մարտի 1-ին հրապարակում մարդկանց վրա կրակելու հրաման տվեց, միլիարդներ դիզեց, այդ մարդուց ամեն ինչ սպասելի է: Բայց ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ես այդ կարծիքը չեմ կիսում: Եվ այս առումով, եթե ես տեսնեմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը և Ռ.Քոչարյանը, ինչպես Ռուբեն Հայրապետյանն է ասում, համագործակցում են, ես այլևս ոչ մի վայրկյան չեմ մնա ՀԱԿ-ում: Ես լավատես եմ, և հույս ունեմ, որ առայժմ միայն «Բարգավաճի» հետ ինչ-որ ինտրիգներ կան, այն էլ հասկանում եմ, թե որտեղից է այդ վեկտորը գալիս, դրա համար հանդուրժում եմ»,- ասաց ԺՀԿ նախագահը:
«Մի բան պարզ է, որ այս վարչախումբը, որն իշխանության է եկել 1998-ից, մեր երկիրը տանում է դեպի կործանում: Այսպես կոչված` մահվան պրոցեսը սկսված է, և եթե ժողովուրդը չկանխի այդ պրոցեսը, դա կլինի Քոչարյանով, թե Սերժ Սարգսյանով, այս շղթան երկիրը կործանելու է: Ռ. Հայրապետյանի նշած «երկիրը կործանող» զույգից` ԼՏՊ և Քոչարյան, ես Տեր-Պետրոսյանին կհանեմ, և նրա տեղը կդնեմ այսօրվա վարչախմբին, որը Քոչարյանի իշխանության շարունակությունն է: Մենք այդքան խոսում ենք Ղարաբաղի հարցի մասին. Ղարաբաղի հարցը լուծված կլիներ, եթե այնտեղի 100 հազարանոց բնակչությունը դառնար 200 հազար: Հայաստանի 3 մլն բնակչությունից մնացել է 2 մլն-ը: Էլ կործանումը քանի՞ տեսակ է լինում: Հիմա իրենք երկիրը չե՞ն կործանում, երբ տարեկան 100 հազար մարդ է լքում Հայաստանը: Միայն հոխորտալով և կեղծ նժդեհականություն խաղալով չէ»,- ասաց Պետրոս Մակեյանը: