Հունգարիայի վարչապետը միայնա՞կ է որոշել արտահանձնել ադրբեջանցի ոճրագործին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած շաբաթ կուսակցական փակ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ինքն է հանձնարարել Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջան, չնայած տեղյակ է եղել, որ Սաֆարովը վաղ թե ուշ ազատ է արձակվելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է հունգարական Origo.hu կայքը` հղում անելով կառավարությանը մոտ գտնվող իր 2 մասնավոր անանուն աղբյուրներին: Համաձայն հունգարական կայքի տեղեկատվության` Օրբանին նրա կուսակցական ընկերները եւ խորհրդատուները բազմիցս նախազգուշացրել են նման քայլի արդյունքում հնարավոր ռիսկերի մասին, սակայն վարչապետն Ադրբեջանի նկատմամբ ժեստ է արել` փորձելով իրենց համար ապահովել նոր վարկառուներ` Հունգարիայի «վատառողջ» բյուջեն փրկելու համար:
Կուսակցական նշված փակ հանդիպման ընթացքում, որն աստիճանաբար վերածվել է բուռն բանավեճի, Օրբանը խոստովանել է, որ գիտեր, թե այս հարցում դժվարություններ լինելու են, սակայն ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհեն գոնե մեկ ամիս անց` ելնելով նրա առողջական վիճակից: Եվ չնայած Հունգարիայի արդարադատության նախարարության փորձագետների կողմից կրկնվող նախազգուշացումներին` Օրբանը օգոստոսին, այնուամենայնիվ, հրահանգել է արտահանձման պայմանագիրը ստորագրել: