Վաշինգտոնահայությունը ևս բողոքի ցույցի է դուրս եկել Հունգարիայի դեսպանատան առջև

Վաշինգտոնի հայ համայնքը Հունգարիայի դեսպանատան առաջ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ պահանջել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին անմիջապես կրկին ազատազրկել: Ցուցարարները Հունգարիայի կողմից ոճրագործին Ադրբեջանին արտահանձնելը, Ադրբեջանում նրան ներում շնորհելը եւ փառաբանելն անվանել են ծաղր` արդարության նկատմամբ:  Այս մասին  «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել են ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբից:

Հայ Երիտասարդների միության «Անի» մասնաճյուղի տնօրեն Թեւին Փոլադյանը Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական կողմի քայլը պարզապես անխիղճ արարք է համարում: «Այս արարքը պետք է շտկվի: Սաֆարովին ներում շնորհելու նախագահ Ալիեւի որոշումը շատ հստակ ուղերձ է իր զինվորականներին. «սպանիր անպաշտպան հայերին, եւ դու կոչում կստանաս, կապահովվես բնակարանով եւ այլ շնորհների կարժանանաս»,-նշել է նա:

ՀՅԴ «Սեպուհ» կոմիտեի անդամ Հովսեփ Ավագյանը նշել է, որ Սաֆարովին ազատ արձակելը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ միջազգային ջանքերը թուլացնելու Ադրբեջանի կառավարության վերջին եւ թարմ օրինակն էր: Նա մեջբերել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտումները, ինչպես նաեւ պատերազմը վերսկսելու հայտարարությունները: «Ինչպես կարող է նախագահ Ալիեւը համարվել խաղաղության հուսալի գործընկեր, եթե նրա գործողությունները հրահրում են բռնություն, ատելություն եւ պատերազմ»,-նշել է Հովսեփյանը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին անդրադարձել է միջազգային հանրության մտահոգությանը  եւ զայրույթին` ուղղված Ադրբեջանի եւ Հունգարիայի գործողություններին, այդ թվում` եւ Սպիտակ տան, եւ պետքարտուղարության  հայտարարություններին, որոնք հրապարակվել էին Սաֆարովին ազատ արձակելուց ժամեր անց: «Հայտարարություններն առաջին կարեւորագույն  քայլերն էին, սակայն անհրաժեշտ է  արդեն գործել, գործել Ադրբեջան- ԱՄՆ ռազմական օժանդակությունը կասեցնելու ուղղությամբ»,-ասել է Համբարյանը:

Սեպտեմբերի 9-ի բողոքի ցույցը, որը կազմակերպել են ՀՅԴ «Սեպուհ» կոմիտեն եւ ԱՄՆ Հայ երիտասարդների միության «Անի» մասնաճյուղը, մայրաքաղաք Վաշինգտոնում Սաֆարովի արտահանձնման դեմ անցկացված արդեն երկրորդ ակցիան էր: Առաջինը, որը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, արտահանձնումից անմիջապես հետո, հրատապ գործողություն էր, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել էին արդարության վերականգնում:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին:

Տեսանյութեր

Լրահոս