«Ցինիկ անտարբերություն, անհոգություն մի ողջ ժողովրդի զգացմունքների նկատմամբ»

Ցմահ բանտարկված մարդասպանին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ նրան անմիջապես ազատ արձակելու կապակցությամբ հրավիրված հանրահավաքի մասնակից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողության և պրոֆեսորա-դասախոսական կազմի հայտարարությունը.

«Մենք դիմում ենք` Եվրոպական Խորհրդի Նախագահ պարոն Վան Ռոմպեին,
Եվրոպական Խորհրդի Միջազգային Գործերի և Անվտանգության Քաղաքականության Բարձր Հանձնակատար տիկին Էշտոնին, Ընդլայնման և Եվրոպական Հարևանության Քաղաքականության Հարցերով Հանձնակատար պարոն Ֆյուլեին, Եվրոպական Պառլամենտի Նախագահ պարոն Շուլցին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր Քարտուղար պարոն Յագլանդին,
Եվրոպական Խորհրդի Հայաստանի Պատվիրակության Ղեկավար պարոն Խրիստեային
Մենք եվրոպացիներ ենք և գիտակցում ենք մեզ որպես եվրոպական մեծ մշակույթի մաս, մշակույթ, որի բաղկացուցիչներն են`

  • մարդու արժանապատվությունը, նրա իրավունքերն ու ազատությունները,
  • արդարությունը, որը ապահովվում է արդարադատության ազնիվ համակարգով,
  • եվրոպական արժեքների պահպանության հարցում իշխանությունների ազնվությունը,
  • թափանցիկությունը միջազգային հարաբերություններում,
  •  հանրության հուզմունքների և հոգսերի հանդեպ մասնակցությունը, փոխադարձ օգնությունը և աջակցությունը:

Այս ըմբռնումից է, որ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունը պաշտոնական Հունգարիայի դիրքից և այդ դիրքի հանդեպ պաշտոնական Եվրոպայի վերաբերմունքից: Չէ՞ որ ակնհայտ են`

  •  ազնիվ արդարադատության իրականացման շահերի նկատմամբ բացահայտ արհամարանքը,
  •  ցինիկ անտարբերությունը, անհոգությունը մի ողջ ժողովրդի զգացմունքների նկատմամբ,
  •  ինքնահեռացումը, ցուցադրաբար չմասնակցելը և անվերաբերելիություն արտահայտելը,
  • անազնվությունը պաշտոնական Հայաստանի հանդեպ, արտահանձնման որոշման անթափանցիկությունն ու գաղտնիությունը:

ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ Պաշտոնական Եվրոպայից` Եվրոպական արժեքների նմանատիպ կոպիտ խախտման ազնիվ գնահատական և դատապարտում` ոչ միայն արտահանձման որոշման ընդունման, այլև Հունգարիայի հետագա պաշտոնական մեկնաբանությունների վերաբերյալ: Այդպիսի գնահատականը շատ կարևոր կլինի Եվրոպայի ապագայի համար` այն ապագայի, որին մեզ մասնակից և պատասխանատու ենք զգում:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հունգարիայի Վարչապետ Վ.Օրբանին` ապաշխարանքի կոչ անելով: Ձեր չմտացված, եթե ոչ հանցավոր, գործողություններով Դուք լուրջ հարվածի եք ենթարկել Ձեր երկրի հեղինակությունը: Ապաշխարե՛ք, և Դուք առիթ կունենաք հունգարացիների ապագա սերունդներից ներում ստանալու:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հունգարիայի համալսարանական հանրությանը` կոչ անելով դատապարտել իրենց իշխանությունների դիրքորոշումը և ստիպել նրանց վերադառնալ մեր ընդհանուր արժեքներին և զղջալ իրենց արարքների համար: Մենք հավատում ենք, որ հունգար ժողովուրդը կիսում է մեր հիասթափությունը:
ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Ադրբեջանի գիտական, մշակութային, կրթական հանրությանը`
կոչ անելով դադարեցնել մարդասպանին հերոսացնելու չմտածված խրախճանքը: Սա կարևո՛ր է մեր տարածաշրջանի ապագայի համար:
ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս.Սարգսյանին` կոչ անելով օգտագործել պետության բոլոր հնարավորությունները միջազգային իրավունքի նորմերի ամբողջական իրականացման և արդարության վերականգնման համար, շարունակել այն քայլերն ու գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության արժանապատվության պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս