Թալիբները հրթիռային հարվածներ են հասցրել ամերիկյան ավիաբազային. զոհեր կան
Աֆղանստանի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Բաղրամի ամերիկյան ավիաբազային 4 հրթիռ է հարվածել: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հարձակման հետևանքով ոչնչացել է կոալիցիոն ուժերին պատկանող մի ուղղաթիռ, զոհվել են անձնակազմի 3 անդամներ:
Հարձակումը կատարվել է 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի տարելիցի կապակցությամբ: Դեպքից հետո Քաբուլում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Ուղղաթիռում գտնված միջազգային խաղաղարարներից 2-ը վիրավորվել են:
Հարձակումը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Նախօրեին ԱՄՆ-ն Բաղրամի բանտի ու դրա 3 000 թալիբ կալանավորների վերահսկողությունը հանձնել էր Աֆղանստանի իշխանություններին:
Աղբյուրը նկատում է, որ չնայած հարյուր հազարավոր աֆղան և արտասահմանցի զինվորականների առկայությանը, թալիբների կողմից կիրառվող բռնությունը 2001-ից հետո ամենամեծ ծավալներն է ընդգրկել:
ՄԱԿ-ը «Թալիբան»-ին մեղավոր է ճանաչել Աֆղանստանում քաղաքացիական անձանց սպանությունների 80 տոկոսի համար: