Չկա որեւէ երկիր, որն իր աջակցությունը հայտներ կատարվածին կամ Ադրբեջանին. Նալբանդյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում լրագրողների խնդրանքով անդրադարձավ Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնյիի` իրեն ուղղված նամակին: «Հունգարա-ադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության շրջանում, եւ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք եղավ: Այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, ոչ պակաս շոկ է առաջացնում: Ցավոք, նույնը կարող ենք ասել Հունգարիայի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նալբանդյանը: Նախարարը թվարկեց ադրբեջանական եւ հունգարական կողմերի հայտարարությունների հակասությունները: Նրա խոսքով` Հունգարիան նշում է, որ այս գործընթացը թափանցիկ է եղել, ադրբեջանական բարձրաստիճան այրերը նշում են, որ այն գաղտնի է եղել: Հունգարական կողմը պնդում է` տեղյակ չի եղել, որ Սաֆարովին ազատ են արձակելու, Ադրբեջանը հակառակն է պնդում:

Հունգարիան նոտաներ է հղել Բուդապեշտում հավատարմագրված դեսպանություններին, որտեղ հայտնում է իր վրդովմունքը, բայց միեւնույն ժամանակ ասում է, որ հաստատակամ է շարունակել ռազմավարական հարաբերությունների զարգացումն Ադրբեջանի հետ: Հունգարիան նշում է, որ այս որոշումը Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու մասին միանգամայն համահունչ է Ստրասբուրգի կոնվենցիային, ԵԽԽՎ նախագահը հայտարարել է, որ գործարքը չարաշահում է հենց այդ կոնվենցիան: «Հունգարական կողմը փորձում է արդարացնել իրեն եւ նշում, որ ինքը պատասխանատվություն չի կրում: Հենց հունգարական կողմի` այս գործարքին գնալու կապակցությամբ է, որ Հայաստանը որոշել կասեցնել հարաբերությունները Հունգարիայի հետ»,- նշեց նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ կատարվածի շուրջ միջազգային հանրության մոտեցումն ու արձագանքը միաձայն էին. չկար որեւէ կառույց, որն իր բացասական վերաբերմունքը չհայտներ այս գործարքի վերաբերյալ: Նախարարի փոխանցմամբ` ԵՄ կողմից մի շարք հայտարարություններ են հնչել: Վերջին օրերի ընթացքում նա տասնյակ հեռախոսազանգեր է ստացել տարբեր երկրների, այդ թվում` ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներից, ովքեր իրենց միանշանակ վերաբերմունքն են հայտնել կատարվածի վերաբերյալ: «Չկա որեւէ երկիր, որն իր աջակցությունը հայտներ կատարվածին կամ Ադրբեջանին: Ով կարող էր աջակցություն հայտնել»,- նշեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս