Բաժիններ՝

Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի հողային հաշվեկշիռը

Երևանի ավագանու սեպտեմբերի 11-ին գումարված 8-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է ավագանու անդամներին Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամների փայլուն հաղթանակի կապակցությամբ:

Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվերակությամբ հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին նախագիծը: Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխությունները՝ հողի սեփականության և օգտագործման ձևի, նպատակային նշանակության, հողերի իրացման, բարելավման, այդ թվում կանաչ տարածքների ավելացման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման, քանդման և այլ փոփոխությունները։

Երևանի ավագանին հաստատել է Երևանի և Մարսելի քաղաքապետարանների միջև եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրի համատեքստում համագործակցության համաձայնագրը, որով նախատեսվում է ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի վերակառուցում, որը ծառայելու է ինչպես դպրոցի, այնպես էլ հարակից տարածքի բնակչության համար, նաև նախատեսված է սեմինարների անցկացում, տեխնիկական այցեր, փորձի փոխանակում: Համաձայնագրով նախատեսված վարչական և ֆինանսական համակարգումը կիրականացվի միջազգային եվրոպական դեպարտամենտի կողմից:

«Այս տարի Մարսել կատարած այցի շրջանակում մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ Մարսելի քաղաքապետի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրականացվող այս նախագիծը համոզված եմ կկրի շարունակական բնույթ և կնպաստի երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը: Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է համագործակցության շրջանակում նոր գաղափարներ կյանքի կոչել»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյան:

Երևանի ավագանու որոշմամբ Երևան քաղաքում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին տոնավաճառները կկազմակերպվեն հաստատված կարգով: Ներկայացված նախագիծը պայմանավորված է Երևան քաղաքում տոնավաճառների (վերնիսաժներ) կազմակերպման պայմանների սահմանման անհրաժեշտությամբ: Կազմակերպիչների կողմից կապահովվեն մասնակցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարամարությունները: Միաժամանակ գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպումը նաև նպատակ ունի Երևանի բնակչությանն ապահովել գյուղատնտեսական մթերքներով` խթանելով մրցակցությունը գյուղատնտեսական մթերքների առևտրի ոլորտում:

Ավագանին հաստատել է նաև Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի ( Գայի պող .-17) հարակից տարածքում տեղադրելու վերաբերյալ նախագիծը: Որոշման համար հիմք են հանդիսանում Նոր Նորք վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկություններն ու դրա վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարի միջնորդությունը՝ հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի ներդրումը:

Ավագանին հավանության է արժանացրել նաև Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասում գտնվող այգին «Կաղնուտ» անվանակոչելու մասին նախագիծը: Այգին, որտեղ գերակշռում են կաղնի ծառատեսակները, հիմնադրվել է դավթաշենցիների կողմից տարիներ առաջ և մինչ օրս չի անվանակոչվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս