Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորքերը ԿԺԴՀ-ն գրավելու զորավարժություններ են անցկացրել

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորքերը համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնց ընթացքում ներկայացրել են Հյուսիսային Կորեայի տարածքների գրավման սցենար: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով հարավկորեական «Դոնա իլբո» թերթը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դաշնակիցները, որոնք նման զորավարժություններ անցկացրել էին նաև 2010 թ., դրանում որոշ փոփոխություններ են մտցրել՝ նպատակ ունենալով բարձրացնել հարավկորեական բանակի դերը «Հյուսիսում արտակարգ իրավիճակի» դեպքում:

«Հարավային Կորեան առաջին անգամ գլխավորել է բոլոր գործողությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի աջակցությամբ իրավիճակը կայունացնելու համար»,- մեջբերում է թերթն իր անանուն ռազմական աղբյուրը:

Զորավարժություններն իրենց մեջ ներառել են Հյուսիսային Կորեայի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրում նրա տարածքը գրավելուց և ղեկավար մարմինների աշխատանքները վերականգնելուց հետո:

Պարբերականը գրում է, որ դաշնակիցները նաև մարևրներ կանցկացնեն հաջորդ տարի նախատեսվող «Առանցքային որոշում» ամենամյա զորավարժությունների շրջանակներում:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց՝ հայտարարելով, որ զորավարժությունների մանրամասները գաղտնի են:

Տեսանյութեր

Լրահոս