Սոցապ նախարարությունն արձագանքեց

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք 40-ամյա Սեդրակ Ջիլավյանի կյանքի պատմությանը, ով` լինելով հաշմանդամ, ապրում է եկեղեցու բակերում, նկուղներում ու փողոցներում:

Հիշեցնենք, որ Ս. Ջիլավյանի հետ խմբագրություն էր եկել նկարչուհի-խեցեգործ Ժասմինա Տեր-Հովհաննիսյանը, ով երեք տարի առաջ եկեղեցու բակում տեսնելով Ս. Ջիլավյանի անօգնական վիճակը` սկսել էր նրա մասին հոգ տանել: Ժ. Տեր-Հովհաննիսյանը մեզ խնդրում էր միջամտել` Ս. Ջիլավյանին կացարանով ապահովելու հարցում: Նկարագրելով հիվանդ տղամարդու ծանր վիճակը, տիկին Ժասմինան կանխատեսում էր, որ նա չի դիմանա ձմեռը փողոցներում անցկացնելու դժվարություններին: Ի դեպ, հետաքրքիր է, որ նման ծայրահեղ իրավիճակում հայտնված հաշմանդամ, անօթևան այս մարդը հրաժարվում է պետությունից հաշմանդամության թոշակ կամ աղքատության նպաստ ստանալու իրավունքից` խնդրելով փոխարենն իրեն աշխատանք տրամադրել:

Երեկ առավոտյան մեզ զանգահարեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և խնդրեցին Ս. Ջիլավյանից կամ Ժ. Տեր-Հովհաննիսյանից տվյալներ տրամադրել: Ավելի ուշ, Ժ. Տեր-Հովհաննիսյանից տեղեկացանք, որ իրեն զանգահարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Անօթևանների կացարանի տնօրեն Արմեն Գյուրջյանը և առաջարկել է Ս. Ջիլավյանին տեղափոխել Անօթևանների կացարան:

«Շատ շնորհակալ եմ, նա մանրամասնորեն հետաքրքրվեց Սեդրակով, նույնիսկ ինձ առաջարկեց օգնել Սեդրակին ուղեկցելու հարցում` գումարն իրենց կողմից փոխանցելու պայմանով: Ես, իհարկե, հրաժարվեցի, ինքս նրան կտանեմ, բայց, ամեն դեպքում, մեր զրույցը Ա. Գյուրջյանի հետ վկայեց, որ նա պատրաստ է օգնել Սեդրակին»,- մեզ փոխանցեց Ժ. Տեր-Հովհաննիսյանը, ով այսօր Ս. Ջիլավյանի հետ կգնա Անօթևանների կացարան, իսկ առաջիկայում մեզ կտեղեկացնի բոլոր մանրամասների մասին:

Տեսանյութեր

Լրահոս