ՀԱԿ-ը գնում է ԲՀԿ-ի ճանապարհով

Այսօր բավական ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի նիստում, որը շատ խորհրդանշական է վերջին օրերի ներքաղաքական զարգացումների ֆոնին: Խորհրդարանում քննարկվել է հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորների  (Հերմինե Նաղդալյան, Գալուստ Սահակյան, Արփինե Հովհաննիսյան) հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ելույթում ներկայացնելով այդ նախագծի անհրաժեշտությունը հիմնավորող մի շարք գործոններ, կոչ է արել կողմ քվեարկել այդ փաստաթղթին: «Սահմանադրության ընդունումից հետո գործող Քրեական օրենսգրքի և Սահմանադրության միջև առկա են ձևակերպումների ու կառուցվածքի առումով որոշակի տարբերություններ, որոնք կարող են իրավակիրառական պրակտիկայում խնդիրներ առաջացնել,- ասել է Հ. Թովմասյանն` ավելացնելով,- Քրեական օրենսգրքի բարեփոխումները նախատեսված են հանրապետության նախագահի կողմից հաստատված` 2012-2014 թթ. բարեփոխումների ծրագրով: Այս նախագիծը կարևորվում է նաև կառավարության կողմից, հետևաբար՝ կառավարությունը կողմ է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին և առաջարկում է «կողմ» քվեարկել դրան»,- հայտարարել է նա: Նրան գրեթե բառացիորեն կրկնել և օրինագծին «կողմ» քվեարկելու կոչով է հանդես եկել…Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ, գործող «ավազակապետական ռեժիմի  իրավական անգրագիտությունը» բացահայտող Գագիկ Ջհանգիրյանը:

«ՀՀ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում քաղաքական որևէ ենթատեքստ չկա, որևէ բացասական միտում չի ամրապնդվում: Փոփոխությունները հիմնականում համապատասխանեցվում են Սահմանադրության դրույթներին»,- հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը` կոչ անելով կողմ քվեարկել օրինագծին, այնպես, ինչպես երիտասարդ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Խնդիրն, իհարկե, այս օրինագիծը չէ, որում, ամենայն հավանականությամբ, ինչպես պնդել է պարոն Ջհանգիրյանը, որևէ քաղաքական ենթատեքստ կամ բացասական միտում չկա:

Ուշագրավը ՀԱԿ-ի գործունեության, վարքագծի փոփոխությունն է, որն աննկատ տեղի է ունենում վերջին ակտիվ քաղաքական իրադարձությունների համատեքստում: Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և ադրբեջանական իշխանությունների  կողմից նրան ներում շնորհելու քայլը դատապարտող ԱԺ անիմաստ հայտարարությանը ևս ՀԱԿ-ը «կողմ» քվեարկեց` դա հիմնավորելով «պետականամետությամբ»:

Հիմա էլ, Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող այս նախագծի հետ կապված՝ ՀԱԿ-ը ցուցաբերում է այսչափ կառուցողական դիրքորոշում: Բնականաբար, անմտություն կլինի խնդիրը դիտարկել այն հարթությունում, որ ՀԱԿ-ը պետք է ցանկացած հարցում «անխնա քննադատի» իշխանությանը: Իշխանությունը ևս կարող է հանդես գալ դրական  նախաձեռնություններով: Պարզապես ՀԱԿ-ի նախկին կեցվածքը հուշում է, որ նման դեպքերում Կոնգրեսի ներկայացուցիչները պետք է որ լոյալություն ցուցաբերեին, քանի որ, այսպես թե այնպես, մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն կապահովեր այդ «ազգանպաստ» օրինագծի անցկացումը:

Սակայն ՀԱԿ-ը կարծես որդեգրել է ճիշտ հակառակ դիրքորոշումը` անգամ ցուցադրական կերպով կողմ է արտահայտվում  «հանրապետության նախագահի կողմից հաստատված» բարեփոխումների ծրագրի դրույթներից մեկին:

ՀԱԿ-ի այս «կառուցողականությունն», ի դեպ, շատ է հիշեցնում ԲՀԿ-ի «այլընտրանքությունը», որը, ինչպես բազմիցս հայտարարել է, առաջնորդվում է «լավին`լավ, վատին` վատ» սկզբունքով: Ըստ ամենայնի, արդեն տևական ժամանակ ԲՀԿ-ի քաղաքական շահը սպասարկող ՀԱԿ-ը որդեգրում է նաև ԲՀԿ-ի մարտավարությունն, ու, որքան էլ զարմանալի թվա` «քաղաքական մշակույթը»:

Բացառված չէ նաև, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մեջ ակնհայտորեն դոմինանտ դարձած ԲՀԿ-ն է ՀԱԿ-ին հորդորում կամ ստիպում հետևել իրեն: Կա նաև երրորդ տարբերակը` գուցե ՀԱԿ-ը հիասթափված լինելով ԲՀԿ-ի հետ համագործակցությունից՝ ցանկանում է գրավել նրա դերն իշխանության ՀՀԿ-ական թևի հետ հարաբերություններում: Հատկապես, որ ՀԱԿ-ն ունի իշխանության հետ երկխոսության փորձ: Մնում է միայն պարզել` արդյո՞ք իշխանությունն այդ դեպքում կընդունի երկխոսությունը վերսկսելու ՀԱԿ-ի առաջարկը, թե՞ ԲՀԿ-ն նրան լրիվ բավարար է`  որպես «այլընտրանք»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս