
«Հոգեկան առողջության համազգային ծրագիր է անհրաժեշտ»

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում հաճախ ընտանիքները փորձում են կոծկել ինքնասպանությունները, դրանք ներկայացնել՝ որպես դժբախտ պատահար:
Ըստ նրա`ինքնասպանությունների թվի աճին նպաստում է ագրեսիվ ֆիլմերի, սերիալների ցուցադրումը: «Հայկական լրատվամիջոցները հաճախ ամենագռեհիկ ձևով մանրամասն տվյալներ են հաղորդում ինքնասպան եղածի մասին`չհասկանալով, որ վատ վիճակում գտնվող մարդուն դա հուշում են՝ որպես ելք»,- ասաց Խ. Գասպարյանը:
Հոգեբանի փոխանցմամբ` միայն սոցիալական խնդիրներն ինքնասպանության պատճառ դառնալ չեն կարող. դրան նպաստում են նաև այլ հանգամանքներ: Ըստ նրա`յուրաքանչյուր մարդու ինքնասպանության պատմությունն ուրույն է և չի նմանվում ինքնասպանության այլ դեպքերի:
Խ. Գասպարյանի համոզմամբ՝ ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար պետությունը պետք է ապահովի հոգեկան առողջության ծառայությունների մատչելիությունը. «Հոգեկան առողջության համազգային ծրագիր է անհրաժեշտ»: