
Քադաֆիի որդու դատավարությունը հետաձգել են՝ նրա մասին նոր մանրամասներ իմանալու ակնկալիքով

Լիբիայի գահընկեց արված ղեկավար Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի դատավարությունը հետաձգվել է 5 ամսով, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազության ներկայացուցչին: Դատավարության հետաձգումը պայմանավորված է Լիբիայի հետախուզական ծառայության նախկին պետ, Քադաֆիի մտերիմ Աբդուլլահ ալ-Սենուսիի ձերբակալմամբ:
Դատախազությունը հույս ունի, որ վերջինիս հարցաքննելու ժամանակ հնարավոր կլինի ալ-Իսլամի գործով նոր, կարևոր տեղեկություններ ստանալ:
Քադաֆիի որդին մեղադրվում է Լիբիայում նախորդ տարի ծավալված ռազմական գործողությունների ընթացքում մարդկության դեմ հանցագործություն գործելու մեջ: Միջազգային քրեական դատարանը, սակայն, մտավախություն է հայտնել, որ ալ-Իսլամի՝ Լիբիայում անցկացվելիք դատավարությունն արդար չի լինի:
Այժմ մեղադրյալը գտնվում է Զինթան քաղաքի բանտում, որտեղ անցկացրել է վերջին 1 տարին:
Քադաֆիի մյուս որդին ավելի վաղ փախել էր Նիգեր, որտեղ գտնվում է տնային կալանքի տակ: