ՀՀԿ-ն Մեղրիում պարտություն է կրել

Երեկ ավարտվեցին   Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները  Արմավիրի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում`  Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:

Իսկ 18 քաղաքային համայնքներում տեղի են ունեցել  համայնքի ղեկավարի ընտրություններ` Սյունիքի մարզի Կապան, Սիսիան,  Քաջարան, Ագարակ և Դաստակերտ, Արարատի մարզի Մեծամոր և Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ համայնքներում:

Նախնական արդյունքների համաձայն`  Կապանի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական, «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը. նրա օգտին քվեարկել է 10.261  ընտրող, իսկ դեմ` 6 075 ընտրող: Անվավեր է ճանաչվել 858 քվեաթերթիկ:

Նշենք, որ Կապանի ՏԻՄ ընտրություններին 30.496 ընտրողներից մասնակցել է 17.366-ը կամ ընդհանուր ընտրողների 56.59 %-ը:  Քաջարանի քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Վարդան Գևորգյանը,  Դաստակերտում հաղթել է ՀՀԿ թեկնածու  Նաիրի Ֆիլոսյանը, Ագարակում`  ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանը, իսկ Մեղրիում ՀՀԿ-ական թեկնածուն պարտություն է կրել` անկուսակցական, անհատ ձեռներեց Արշավիր Հովհաննիսյանից: Սիսիանում քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս