
Ընտրությունների ժամանակ խոշոր տուրուդմփոց է տեղի ունեցել Բամբակաշատ գյուղում

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ և ձախ վերին և ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արամ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք վիճաբանել են Արամ Մ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան և պատճառել վնասվածքներ:
Արամ Մ.-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթաքունքային շրջանի սալջարդ` ձախից, ձախ արմնկային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Ս.-ն:
Պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի մշակույթի տան հարակից տարածքում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են նրա հետ, ծեծի ենթարկել և պատճառել վնասվածքներ:
Արման Ս.-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են 1980 թ. ծնված Կառլեն Ե.-ն և 1980 թ. ծնված Զոհրաբ Ե.-ն:
Կառլեն Ե.-ն և Զոհրաբ Ե.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն: