
Օբամային սպառնացողին` 5 տարի և 250.000 դոլար տուգանք

ԱՄՆ-ի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Հյուսիսային Կարոլինա նահանգի մի բնակչի, ով Twitter-ում սպառնացել էր սպանել նախագահ Բարաք Օբամային: «ԱՄՆ գաղտնի ծառայությունն անկարող կլինի, երբ ես հրացանս ուղղեմ Բարաքի ճակատին»,-գրել է 21 ամյա Դոնթե Ջամար Սիմսը: CNN-ի հաղորդմամբ` երիտասարդը նաև հայտարարել է, որ ինքը «նախագահին սպանողը կդառնա այսօր երեկոյան (չորեքշաբթի)` ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ:
Այս հրապարակումներից հետո Սիմսը ձերբակալվել է: Նա անմիջապես խոստովանել է իր մեղքը: Չնայած, որ, իր իսկ խոստովանությամբ, ինքը եղել է թմրանյութի ազդեցության տակ, այնուամենայնիվ, իրեն հաշիվ տվել է, թե ինչ է գրում և թե դա ինչ հիմնախնդիրներ կարող է առաջացնել օրենքի հետ: Նրա խոսքով, նախագահի հասցեին սպառնալիքը ինքը տեղադրել է համացանցում նախագահի նկատմամբ ունեցած «սուր ատելության» ազդեցությամբ:
Բայց և այնպես, ավելի ուշ, Սիմսը հայտարարել է, որ իր արարքի համար ափսոսում է և գրավոր ներողություն է խնդրել Twitter-ում գրածի համար:
Նախօրեին տեղի է ունեցել առաջին դատական նիստը, որտեղ Սիմսին ներկայացրել են մեղադրանք: Այժմ նրան սպառնում է 5 տարվա բանտարկություն և 250 հազար ԱՄՆ դոլարի տուգանք:
Հիշեցնենք, որ Բարակ Օբաման նոր ընտրաշրջանում դարձել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածու:
«Փաստինֆո»