
Անգոլայի «հավերժ» նախագահը դարձյալ վերընտրվել է

Անգոլայի նախագահի կուսակցությունը վստահորեն հաղթանակել է համապետական ընտրություններում, իսկ դրա առաջնորդ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը երկիրը կղեկավարի ևս 5 տարի:
Սանտուշը արդեն երկիրը ղեկավարում է 33 տարի, նրա ընտրություններին չխոչընդոտելու համար հարկ է եղել անգամ փոխել երկրի Սահմանադրությունը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Անգոլայի ազատագրման ժողովրդական շարժումը հավաքել է ձայների 71,8%-ը: Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ ՈւՆԻՏԱ նախկին ապստամբական խմբավորումը, ստացել է քվեարկողների ձայների 18,6%-ը, ինչը գրեթե կրկնակի ավելի է 4-ամյա վաղեմության ցուցանիշից:
Անգոլայի նոր Սահմանադրության համաձայն՝ հաղթող կուսակցության առաջնորդը ինքնաբերաբար դառնում է նախագահ: