Եվրախորհրդարանում Սաֆարովի գործով քննարկումները կկայանան սեպտեմբերի 10-13-ը
Եվրոպական խորհրդարանում հայ սպային կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովի գործով քննարկումներ տեղի կունենան սեպտեմբերի 10-13-ն անցկացվող պլենար նիստի շրջանակներում: Ինչպես հայտնում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը, Սաֆարովի գործով քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 13-ին, մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:
Նույն օրը, Սաֆարովի գործից զատ, քննարկումներ տեղի կունենան նաև Բիրմայի և Հարավային Աֆրիկայի վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում կընդունվի բանաձև:
Հիշեցնենք, որ Փարիզում Ֆրանսահայ ընկերակցությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ Հունգարիայի դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միշել Ռիվազին հայտնել էր, որ ԵԽ-ն մոտ օրերս հանդես կգա Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող բանաձևով: