Դաղստանում մահմեդական շեյխին պայթեցրած կին ահաբեկիչը նամակ էր թողել
Շեյխ Սաիդ-աֆանդի Չիրկեյսկու տանը ահաբեկություն իրականացրած մահապարտ կինը մահից առաջ նամակ է գրել, որում Ամինաթ Սապրիկինան ներողություն է խնդրել իր ծնողներից:
Ամբողջ այն ժամանակահատվածում, երբ աղջիկը հետախուզման մեջ էր գտնվում, նրա ընտանիքը տեղյակ էր, որ նա միացել է զինյալներին` «հանուն հավատի զոհվելու համար»: Հրաժեշտի նամակը նրանք այրել են եւ ձգտել են մոռանալ Ամինաթի սպասվելիք արարքի մասին:
Նամակի մասին աղջկա ծնողները հայտնել են, հենց որ տեսել են իրենց դստեր լուսանկարը ահաբեկությունից հետո:
Մահապարտի մայրը LifeNews-ին հայտնել է, որ Ամինաթը նամակում բացատրել է իր արարքը: «Նա ներողություն է խնդրել այն բանի համար, որ գնում է այս քայլին, սակայն գրել է, որ նրան հանգիստ չեն տալիս մարմինները եւ ամեն անգամ որեւէ մի միջադեպից հետո խուզարկություններ են իրականացնում իր տանը»,- պատմել է Վերա Սապրիկինան:
Ծնողների խոսքով, Սապրիկինան եղել է հատուկ ծառայությունների մշտական ուշադրության ներքո, ուշադրությունը առավել է ուժեղացվել, երբ զոհվել է նրա առաջին ամուսինը:
Ամինաթ Սապրիկինայի հետախուզումը սկսվել է այս տարվա մարտից: Նրան փնտրում էին, որպես հնարավոր մահապարտի: Հատուկ ծառայությունները ենթադրում էին, որ աղջիկը ինքն իրեն պայթացրել է Մախաչկալայի կամրջի վրա մայիսի 3-ին, սակայն փորձագետները դա հերքել են: Օգոստոսի 28-ին Սապրիկինան, այնուհանդերձ ինքնապայթյուն է իրականացրել` սպանելով տեղի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Սաիդ-աֆանդիին: