
ԼՂՀ-ի դիրքերն ուժեղացել են

«Կարծում եմ, որ սրանով մենք հեռանում ենք գլխավոր խնդրից, քանի որ այժմ Հայաստանի համար ամենակարևորը բոլոր կուսակցությունների միավորումն ու ազգային կարևորություն ունեցող հարցի նկատմամբ միասնական տեսակետի ձևավորումն է: Գլխավոր մեղավորն այսօր Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը: Եվ հետաքրքրական է, որ ԼՂՀ-ի դիրքերն այժմ ավելի են ուժեղացել, ինչը ոչ թե Հայաստանի ձեռնարկած քայլերի շնորհիվ էր, այլ Ադրբեջանի քայլերի արդյունքում»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությանը:
«Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է որոշի, թե նա ցանկանում է միանալ Հայաստանի՞ն, թե՞ անկախ լինել, այսինքն` մինչ այժմ նա ոչ մի հստակ դիրքորոշում այդ հարցում չի հայտնել: Բայց միաժամանակ մեկընդմիշտ տրվել է մի հարցի պատասխան, որ ոչ ոք այլևս չի հավատում, որ ԼՂ-ն կարող է երբևէ վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ»,- ասել է նա` ավելացնելով, որ Սաֆարովի գործի շուրջ ստեղծված ճգնաժամում Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում է գտնվում, քան Ադրբեջանը: