Բանդայի գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության կայքից: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Նախաքննության տվյալներով մասնավորապես` Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:
Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:
Բացի այդ՝ կատարված խուզարկությունների արդյունքում Ա. Հակոբյանի և Դ. Գալստյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի, իսկ Ս. Դավթյանի և Ա. Դալլաքյանի մոտ՝ ափիոն տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Դ. Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ս. Դավթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ա. Դալլաքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ա. Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
Ք. Ամոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Գ.Հայրապետյանը, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել:
Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հանցագործությանը մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: