Իսրայելը Իրանին հարվածելու համար սպասում է ԱՄՆ քայլերի արդյունավետությանը
Իսրայելը շուտով կարող է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ը ավելի հստակ դիրքորոշում չունենա Թեհրանի միջուկային ծրագրի հարցում: Հինգշաբթի այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ կոմիտեի ներկայացուցիչ Մայքլ Ռոջերսը:
Ռոջերսի կարծիքով` «իսրայելցիները չեն հավատում ԱՄՆ-ի վարչակազմի այն պնդումներին, թե բացառված չէ ցանկացած հնարավորություն: Իսկ ինչն ավելի կարևոր է` դրան չեն հավատում նաև իրանցիները: Հենց այդ պատճառով նրանք շարունակում են միջուկային ծրագիրը»:
«Սակայն ամեն ինչ կփոխվի, եթե Սպիտակ տունը կարողանա ցույց տալ Իսրայելին, որ պատրաստ է ապագայում Իրանի դեմ գործողություններ ծավալել»,- շարունակել է կոնգրեսականը:
Օգոստոսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ԻԻՀ-ի միջուկային օբյեկտների ուղղությամբ նախազգուշական հարվածը «իրեն կարդարացնի, նույնիսկ եթե չհաջողվի դա լիովին ոչնչացնել»:
Օգոստոսի 16-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը վճռականորեն հանդես եկավ առանց ԱՄՆ-ի մասնակցության Իրանին միակողմ հարվածելու դեմ: Նա հայտարարեց, որ առաջին հերթին ԱՄՆ-ն է գիտակցում Իրանի միջուկային զենքի վտանգը, ուստի չարժե միայնակ գործել: