Քրեակատարողական հիմնարկներում աշխատանքից ազատվել են պարտականությունները չկատարելու համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Համբարձում Զավենի Մկրտչյանն աշխատանքից ազատվել է քրեակատարողական ծառայողի վարկը նսեմացնելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապի մեջ գտնվելու համար. նա, դատապարտյալին փոխանցելու նպատակով, փորձել է արգելված փաթեթ անցկացնել քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի:
Իսկ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Դավիթ Զորիկի Մամիկոնյանն ախատանքից ազատվել է դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս ինքնաձիգը վայր դնելու և պահակակետում քնելու պատճառով:
Նախարարի մեկ այլ հրամանով Միքայել Արմենի Մինասյանը, 2012 թվականի սեպտեմբերի 7-ից, երեք ամիս փորձաշրջանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնում։