Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այսօրվա հայտարարություններն ուղղված էին ոչ միայն վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա շրջապատին, այլև նախագահ Սերժ Սարգսյանին: Ավելին` դա, ըստ էության, կարելի է համարել ԲՀԿ-ի պատասխանը Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզում կատարած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը նախ հայտարարել էր, թե Սամվել Բալասանյանին ինքն է հորդորել առաջադրել թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Բացի այդ, ասել էր. «Նախ՝ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ՝ հակառակորդ»: Հատկապես այս` վերջին հայտարարությունը շատերի կողմից գնահատվեց՝ որպես նախագահական ընտրություններից առաջ Ս. Սարգսյանի կողմից արված «ձիով քայլ»:
Այն իմաստով, որ այդպիսով Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին նախ հարվածեց` ներկայացնելով որպես «հարազատ» կուսակցություն, մյուս կողմից՝ դա արեց այնպես, որ ԲՀԿ-ականները չկարողանան հակադարձել, քանի որ հակադարձելը կնշանակեր՝ հայտարարել, թե ԲՀԿ-ն իրեն Ս. Սարգսյանին «հակառակորդ ու թշնամի» կուսակցություն է համարում: Պատահական չէ, որ անցած օրերին որևէ ԲՀԿ-ական այդպես էլ ուղղակի չպատասխանեց Ս. Սարգսյանի այդ հայտարարությանը:
Այդ իմաստով Տ. Ուրիխանյանի հայտարարության «ուղերձը» հետևյալն է. ԲՀԿ-ն էլ իրեն չի համարում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին թշնամի ու հակառակորդ, սակայն այդպիսին համարում է Տիգրան Սարգսյանին:
Եվ եթե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ցանկանում են, որ առաջիկայում էլ չհամարվեն «թշնամի ու հակառակորդ», թող ազատվեն Տ. Սարգսյանից` բնականաբար, վարչապետի պաշտոնը զիջելով «Բարգավաճ Հայաստանին»:
Փաստորեն այս հայտարարությամբ ԲՀԿ-ն արել է պատասխան «ձիով քայլը»` Սերժ Սարգսյանին դնելով անհարմար, անելանելի վիճակի մեջ: Ս. Սարգսյանը կա՛մ պետք է համարժեք պատասխանի ԲՀԿ-ին, ինչը հօդս կցնդեցնի իր իսկ կողմից առաջ քաշված «բարգավաճական հարազատության» թեզը, կա՛մ պետք է ընթացք տա ԲՀԿ-ի կողմից Տ. Սարգսյանին հասցեագրված մեղադրանքներին, նույնն է թե` պաշտոնանկ անի վերջինիս:
Թերևս, հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀԿ-ից դեռևս ձեռնպահ են մնում պատասխանել ԲՀԿ-ի հայտարարությանը: Թե ինչով կավարտվի այս դիրքային պայքարը, պարզ կդառնա առաջիկայում: Այս պահին կարելի է արձանագրել միայն, որ ԲՀԿ-ն «հարազատ կուսակցության» վարչապետի մասով, կարծես, անցավ ռուբիկոնը: