Սաֆարովի հարցը կարող է հայտնվել Եվրախորհրդարանի օրակարգում

Եվրախորհրդարանի պատգամավոր, բրիտանացի Չարլզ Թանոքը խոստանում է հնարավորության դեպքում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման հարցը ներառել Եվրախորհրդարանի՝ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում սկսվող նստաշրջանի օրակարգում։ Այդ մասին եվրոպացի պատգամավորն ասել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակին՝ ընդգծելով, որ ինքը ցնցված և սարսափած է տեղի ունեցածից։

«Կարծում եմ, դա բացարձակապես ամոթալի և տխուր օր էր արդարության համար թե՛ Ադրբեջանում, թե՛ Հունգարիայում, որը որպես Եվրամիության անդամ երկիր պետք է պահպաներ ամենաբարձր չափանիշները։ Սառնասրտորեն սպանություն իրականացրած անձը, ինչպիսին Սաֆարովն է, պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի կամ առնվազն երկարաժամկետ ազատազրկման։ Եվ երբ Հունգարիայի իշխանությունները արտահանձնում էին նրան Ադրբեջանին, պետք է իմանային, որ մեծ է Ալիևի կողմից նրան ներում շնորհելու հավանականությունը»,- հայտարարել է Թանոքը։

Բրիտանացի պատգամավորը, ով նաև Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, փաստել է, որ դատապարտյալին էքստրադիցիայի ենթարկելուց առաջ Հունգարիան պետք է երաշխավորեր, որ նա շարունակելու է պատժի կրումը հայրենիքում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն առանց այդ էլ լարված են, իսկ սա շատ վնասարար և սադրիչ քայլ էր Ադրբեջանի կողմից»,- ասել է նա:

«Ես ծանոթ եմ մեղադրանքներին, որոնց համաձայն, Հունգարիան համաձայնել է այդ քայլին ֆինանսական որոշակի աջակցության դիմաց։ Եթե դա իսկապես իրականություն է, ապա խայտառակություն է։ Եվրոպական ժողովրդավարության մեջ չես կարող փողով արդարադատություն գնել, և եթե դա այդ փաստը ապացուցվի, հուսով եմ, Եվրամիության անդամ բոլոր երկրները և կառավարությունները կփոխանցեն Բուդապեշտին, որ դա անընդունելի է»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրախորհրդարանի՝ մեծությամբ հինգերորդ` Պահպանողականների եւ բարեփոխականների խմբակցության անդամ Չարլզ Թանոքը։

Տեսանյութեր

Լրահոս