ՀՀԿ-ն թիվ 1 ընտրատարածքում ունի «ուժեղ թեկնածուներ»
Հանրապետական կուսակցության փոխնախագահի փոխանցմամբ, իշխող քաղաքական ուժը թիվ 1 ընտրատարածքում (այստեղ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է ներկայացրել), ունի ուժեղ թեկնածուներ:
«Ունենք տվյալ տարածքում ուժեղ թեկնածուներ: Շատ ունենք, չի կարելի մարդկանց անունը այսօրվանից շահարկել: Դրանցից մեկին պիտի պաշտպանենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անուններ հրապարակելու խնդրանքին ի պատասխան, ասել է ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը` համոզմունք հայտնելով, որ այդ ընտրություններում գլխավոր դերակատարը Հանրապետականն է լինելու:
Հայրապետյանը, հիշեցնենք, իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ողբերգական հետեւանքներ ունեցած միջադեպից հետո հուլիսի 4-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել խորհրդարան, և երեկ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընթերցեց այն:
ԱԺ կանոնակարգի համաձայն, եթե Հայրապետյանը 15 օրվա ընթացքում (տվյալ դեպքում` մինչեւ սեպտեմբերի 21-ը) հետ չվերցնի իր դիմումը, հրաժարականը կհամարվի ընդունված: Այդ դեպքում թիվ 1 ընտրատարածքում 80-օրյա ժամկետում պետք է անցկացվեն պատգամավորի նոր ընտրություններ:
Ռադիոկայանի փոխանցմամբ` Գալուստ Սահակյանը հավանական չի համարում, որ Հայրապետյանը հետ վերցնի իր դիմումը: Նա նաև «վարկածային բաներ» որակեց տեղեկությունները, թե թիվ 1 ընտրատարածքում ստորագրահավաք է անցկացվում` հորդորելու Ռուբեն Հայրապետյանի չհրաժարվել պատգամավորական մանդատից:
Հարցին, թե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը նախագահական ընտրությունների նախաշեմին արդյոք չի թուլացնի ՀՀԿ-ի դիրքերը տվյալ ընտրատարածքում, Սահակյանն արձագանքել է, թե «նախագահի թեկնածությունը պաշտպանված է հենց նախագահով, ով իր գործունեությամբ ապահովել է հասարակության վստահությունը»:
Իսկ Ռուբեն Հայրապետյանը, իշխող կուսակցության փոխնախագահի ձևակերպմամբ` թիմի անդամ է, կուսակցության խորհրդի անդամ և բոլորի հետ միասին ակտիվորեն կմասնակցի նախագահական ընտրությունների քարոզարշավին:
Իշխող կուսակցության առայժմ անանուն թեկնածուի մրցակիցներից ոմանց անունները, մինչդեռ, արդեն հայտնի են: Ավան համայնքը և Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նա, հիշեցնենք, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ընտրատարածքում ստացել էր ավելի քան 9000 ձայն` զիջելով միայն Ռուբեն Հայրապետյանին:
Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև անկուսակցական, լրագրող Արտակ Եղիազարյանը: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է, որ կընդունի ցանկացած կուսակցության աջակցություն` բացառությամբ ՀՀԿ-ի, «Օրինաց երկիր»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի:
«Բագրավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ կուսակցությունում այդ հարցը չեն քննարկել: Այդուհանդերձ Զոհրաբյանի անձնական կարծիքով, կուսակցությունն այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու չի առաջադրի:
ՀԱԿ-ից «Ազատություն» ռադիոկայանին նույնպես փոխանցել են, որ այդ հարցը չի քննարկվել: