Բարթոնը` ՊՆ-ում
Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթոնին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում, մասնավորապես` ռազմական կրթության և բարեփոխումների բնագավառներում, ընդգծել է ԱՄՆ կողմից տարածաշրջանի երկրներին ցուցաբերվող հավասարկշռված մոտեցման անհրաժեշտությունը:
Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը` ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է ՀՀ պաշտպանության նախարարի դիրքորոշումները փոխանցել ԱՄՆ Կոնգրեսին:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ: