Նոր փաստեր Հունգարիայի և Ադրբեջանի հարաբերություններում աճող լարվածության մասին
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաևն այսօր ասել է, որ իր երկիրը նոտա է ներկայացրել Հունգարիային, որտեղ նշված է, թե Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը տեղի է ունեցել միջազգային նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքսը»:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում առկա է լարվածություն, ինչը Բաքուն փորձում է ամեն կերպ թաքցնել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության «Մեդիամաքսի»աղբյուրը հայտնել էր, որ Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը: Աղբյուրի խոսքով, այդ հարցը քննարկվել էր ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի և ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ:
Հունգարացի դիվանագետն ասել էր ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին և ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց: Բացի դրանից, նման որոշումը խորհրդանշական քայլ կլինի Երեւանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, հավելել է դիվանագետը:
Մեդիամաքս-ի այս հաղորդագրությանն ի պատասխան, Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւը, խախտելով դիվանագիտական պրակտիկայի չգրված օրենքը, հայտարարություն էր արել Հունգարիայի ԱԳ նախարարության անունից:
Նա ասել էր, որ հանդիպել է Հունգարիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Էրնե Կեշնենիի հետ, ով իբր այդ լուրը «անհեթեթություն» է անվանել:
Իրականում Վիլայաթ Գուլիևի հապճեպ արված հայտարարությունը կարող էր վկայել հենց այն մասին, որ «Մեդիամաքսի» աղբյուրի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: