Պետք չէ բժշկին հավասարեցնել մարդասպանին

«Բժշկական ազատ-անկախ արհմիություն» խումբը կոչ է անում բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովին ազատ արձակել մինչև դատավճիռը, կիրառել համեմատաբար մեղմ պատիժ, եթե նույնիսկ հաստատվի նրա մեղքը:

Նշենք, որ այս տարվա փետրվարի 25-ին Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերության ժամանակ մահացել էին մայրն ու երեխան: Այս գործով մեղադրվում է Վլադիմիր Մյագկովը: Խմբի անդամներից մեկի`արյունաբան Գևորգ Թամամյանի կարծիքով` պետք է ամեն ինչ անել նման դեպքերը կանխելու համար. «Պետք չէ մեղքը փաթաթել միայն բժշկի վզին: Պետք է հասկանալ, որ բժիշկը ևս մարդ է, համակարգիչ չէ, կարող է սխալվել: Բացի այդ`հասարակությանը պետք է բացատրել, որ կան որոշ դեպքեր, երբ բժիշկը անզոր է»,- ասում է Գ. Թամամյանը: Ըստ նրա`պետք չէ բժշկին հավասարեցնել մարդասպանին:

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է առաջնորդվի համաշխարհային փորձով: «ԱՄՆ-ում, Գերմանիայում գործում է բժշկական սխալի ապահովագրություն: Շվեդիայում, Դանիայում, Նոր Զելանդիայում գործում է առավել համակարգային մոտեցում: Սխալը այնտեղ փորձում են ոչ թե բարդել բժշկի կամ բուժքույրի վրա, այլ գտնել համակարգի բացերը»: Հայաստանում, ըստ Քրեական օրենսգրքի, եթե բժիշկը անփույթ է կատարել իր պարտականությունները, ապա նրան 2-6  տարի ազատազրկում է սպառնում: Ըստ նրա՝ անիմաստ է մեծ աշխատանքային փորձ ունեցող բժշկին մեկուսացնել մարդկանցից:

Խմբի անդամ նյարդաբան Արմեն Գալստյանը ևս կարծում է, որ բժիշկներին սխալի դեպքում հասարակությունից մեկուսացնլ պետք չէ, կարելի է ընդամենը զրկել նրան լիցենզիայից:

 

Տեսանյութեր

Լրահոս