Հունահայությունը իր վրդովմունքն է փոխանցել Հունգարիայի ներկայացուցչություններին

Հունահայությունը բողոքի ցույցերի միջոցով շարունակում է արտահայտել իր վրդովմունքը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին` 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման դեմ:
Ինչպես տեղեկացնում է Աթենքում լույս տեսնող «Ազատ օր» թերթը, Աթենք և Սալոնիկ քաղաքներում հայկական երկու ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտեի և Ռամկավար ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ին Հունգարիայի ներկայացուցչությունների առջև կազմակերպվել էին բողոքի ցույցեր:

 

Սալոնիկ քաղաքում մեր հայրենակիցները համախմբվել էր հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու առջև, ապա երթի մասնակիցները, լոզունգներ պարզած, շարժվել են դեպի Հունգարիայի հյուպատոսություն շենք:

 

Սալոնիկի հայկական պատվիրակությանն ընդունել էր Հունգարիայի հյուպատոսի ներկայացուցիչը, ով պարտավորվել էր բողոքի մասնակիցների ներկայացրած հուշագիրը հանձնել հյուպատոսին:

Նույն օրը երեկոյան հայ համայնքը բողոքի ցույց էր կազմակերպել Աթենքի Վասիլիսիս Սոֆիա կենտրոնական պողոտայում՝ իր բողոքն արտահայտող պաստառներ պարզած։

 

Աթենքում տեղի ունեցած ցույցը գլխավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հունաստան ժամանած 22 երիտասարդներ, ովքեր պարզել էին Արցախի դրոշը։

Ցուցարարները կանգ են առել Հունգարիայի դեսպանատան առջև, ոստիկանության հսկողության տակ։ Կարճ խորհրդակցությունից հետո դեսպանության մուտքին է մոտեցել դեսպանի խորհրդականը, ով ընդունել է եռանդամ պատվիրակությանը։

 

Հայկական պատվիրակության անդամները դեսպանի խորհրդականին են հանձնել բողոքի հուշագիր, միաժամանակ ներկայացնելով համայն հայության ընդվզումն ու զայրույթը Հունգարիայի կառավարության՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ:

 

Աթենքում ևս հունգարացի պաշտոնակատարը հայ ցուցարարներին հավաստիացրել է, որ թե՛ Աթենքից, թե՛ Սալոնիկից հնչած բողոքի ձայները կհասնեն Բուդապեշտի իշխանություններին, վերջինս ստանձնել է հուշագիրը Հունգարիայի պատկան մարմիններին հանձնելու պարտավորվածություն։

Տեսանյութեր

Լրահոս