Նալբանդյանը խոստովանում է, որ ՀՀ ԱԳՆ-ն առաջնորդվել է Հունգարիայի «ազնիվ խոսք»-ով
Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները մինչև վերջին պահը տեղյակ չեն եղել Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին:
Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով այսօր ` Ռամիլ Սաֆարովի արտահանձման և նրան ներում շնորհելու փաստի առթիվ ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու կապակցությամբ հրավիրված արտահերթ նիստում ՀՀ արտաքին գերատեսչական մարմնի հասցեին տարբեր պատգամավորների և մասնավորապես՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած մեղադրանքներին:
«2004 թվականին Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունից և դատավճռի հրապարակումից անմիջապես հետո այս տարիների ընթացքում Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի փորձերի մասին՝ ՀՀ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, Խորհրդարանի նախագահի, դեսպանների մակարդակով շարունակաբար Հունգարիայի իշխանությունների ուշադրությունն ենք հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա և բազմաթիվ անգամներ հունագարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է, ներառյալ օգոստոսի 22-ը , 23-ը և 24 –ը, երբ Հունգարիայի ԱԳՆ-ից և Արդարադատության նախարարությունից և խորհրդարանից ստացվել են այդ հավաստիացումներ` նախկինները վերահաստատելով»,- նշեց ԱԳ նախարարը` հավելելով, որ օգոստոսի 24-ին գրավոր հարցում է ուղղվել Հունգարիային:
Իսկ դրա պատասխանի ուշացման պատճառով օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Հունգարիայի խորհրդարանում և ԱԳՆ–ում:
Այս հանդիպումների ընթացքում կրկին ասվել է, որ նման բան չկա, իսկ հետագա զարգացումները հայտնի են: