
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ինքնաթիռ է կործանվել

Աֆղանստանի Լոգարի մարզի հարավարևելյան հատվածում ՆԱՏՕ-ի ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոալիցիոն զորքերի ներկայացուցչին:
Վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են, որ ավիավթարի պատճառը դեռ պարզված չէ:
Թալիբները նաև պնդում են, որ սեպտեմբերի 5-ին իրենք Լագորի մարզում երկու ինքնաթիռ են խփել: Զինյալների պնդմամբ՝ զոհերի թիվը գերազանցում է 10-ը: ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ հայտարարությունը:
Լագորի մարզի ղեկավարությունից հայտնել են, որ տարածքը, որտեղ խփվել է ինքնաթիռը, գրեթե ամբողջությամբ գտնվում է թալիբների վերահսկողության ներքո, և Աֆղանստանի անվտանգության ուժերը գրեթե չեն կարողանում մուտք գործել վթարի տարածք: