Ֆանատիզմի ու մարդատյացության դրսևորում` հայերի նկատմամբ
«Ժառանգություն» կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և դրան հետևած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է.
Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիևի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար և ֆանատիզմի ու մարդատյացության դրսևորում է հայերի նկատմամբ:
Նման հակաիրավականության, սադրանքի և այլատյացության օրինակ տվող նախագահի առաջնորդության ներքո գտնվող երկիրը չի կարող ՄԱԿ-ի հռչակած արժեքների կրող համարվել և տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանը և հատկապես Հունգարիան պետք է ՄԱԿ-ում բարձրացնեն Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու եւ Ռամիլ Սաֆարովին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու պահանջները:
«Ժառանգությունը» գնահատում է միջազգային այն կառույցների, կառավարությունների, գործիչների արձագանքը, որոնք դատապարտել են Ադրբեջանի նախագահի իրավազուրկ կամայականությունը, նաև ափսոսանք է հայտնում, որ միջազգային այլ դերակատարներ կողմերին լոկ հանդարտության կոչ են արել` մակերեսային մոտեցում ցուցաբերելով խնդրին: Այդուհանդերձ, երկու պարագայում էլ պատշաճ անդրադարձ չի արվել ադրբեջանական պետության հակաժողովրդավար ու կոռումպացված էության ողջ մերկությամբ դրսեւորվելու փաստին:
Ըստ հունգարական որոշ հրապարակումների՝ Ադրբեջանը 2-3 միլիարդ դոլարի քողարկված կաշառք է առաջարկել Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման դիմաց: Եթե երկրի նախագահը կարող է աղքատության մեջ գտնվող միլիոնավոր քաղաքացիների, ներառյալ փախստականների կարիքներն անտեսելով երեք միլիարդ դոլար մսխել մի մոլագար մտքի իրագործման համար, դա պետության չգոյության ապացույց է:
«Ժառանգությունը» ԵԺԿ իր քույր կուսակցությունների, հատկապես Հունգարիայում իշխող «Ֆիդեշ» կուսակցության և ԵՄ անդամ երկրների կառավարությունների ուշադրությունն է հրավիրում այս քողազերծված իրողության վրա եւ կարծում է, որ պետք է քննարկվի Ադրբեջանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների առկախման հարցը` մինչև այդ երկրում հաստատվի բյուջեի վերահսկելիություն և վերջ դրվի իշխանությունների կամայականություններին:
Ցավոք, 1988-ի Սումգայիթի սպանդից ի վեր Ադրբեջանի հակահայկական մոլագարությունը հազվադեպ է այնպիսի միջազգային ուշադրություն գրավել եւ պատկերավոր ինքնադրսեւորումներ ունեցել, ինչպես Ռամիլ Սաֆարովի շուրջ զարգացումները: «Ժառանգությունը» գտնում է, որ ստեղծված իրադրությունը հարթակ է միջազգային հանրությանը, հատկապես քաղաքական-դիվանագիտական շրջանակներ եկած նոր սերնդի առջև վերափաստարկելու Արցախյան հիմնահարցի էությունը, ԼՂՀ ներկայացուցիչներին Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցություններում վերստին ներգրավելու անհրաժեշտությունը եւ ԼՂՀ անկախության ճանաչման հրամայականը:
Միաժամանակ, ծավալվող իրադարձությունների լույսի ներքո «Ժառանգությունը» ճիշտ է համարում, որ ՀՀ Ազգային ժողովը առաջինը քննարկի և ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչի համար էլ կուսակցության կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ:
«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայություն